Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետությունում Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ինչպես նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը մաքսային իրավախախտումների տեսանկյունից նվազ ռիսկային է։ «Այդ կարգավիճակը տնտեսվարողին հնարավորություն է տալիս օգտվելու մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ տնտեսվարողը փուլ առ փուլ դառնում է ինքն իր մաքսային տեսուչը և մաքսային մարմինների հետ իր հարաբերությունները հասցվում են նվազագույնի»,– նշել է ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս փուլում այդպիսի տնտեսվարողներին նախ տալիս են արտահերթ սպասարկման հնարավորություն: «Երկրորդը, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն` սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել իրենց պահեստ: Հետագա փուլերում ևս երկու պարզեցված ընթացակարգ պատրաստ ենք ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապն իսպառ արդեն կբացակայի՝ տնտեսվարողն ինքը կարող է պլոմբեր կիրառել ներմուծելիս և արտահանելիս: Բացի այդ, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու և մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է և այն շուտով կներդրվի»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Նա նշել է, որ որոշմամբ ևս մեկ խոչընդոտ է վերացվում գործընթացում. լիազորված տնտեսական օպերատոր կարող են լինել այն տնտեսվարողները, որոնք օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեն, այսինքն` ՀՆԱ–ն 0.05 տոկոս գերազանցող հարկային լրացուցիչ պարտավորություն չունեն։ «ՀՀ–ում դեռևս ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա»,– ասել է Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը վաղուց է քննարկվել. «Միշտ էլ քննարկվել է Հայաստանում մաքսային ընթացակարգերը հնարավորինս հեշտացնելու, պարզեցնելու հարցը: Մաքսային ընթացակարգերի չարաշահումը և դրան հարակից առաջացող կոռուպցիոն ռիսկերը համարվել են տնտեսական բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոններ:Այս տարիներին մենք, իհարկե, շատ լուրջ ուշադրություն ենք դարձրել մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, մաքսային ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացմանը, պահանջների խստացմանը: Փորձել ենք այնպես անել, որ կոռուպցիան արմատախիլ անենք մաքսային համակարգից: Իհարկե, դա ոչ ամեն օր է հաջողվել: Դրա վկայությունն է այն, որ այսօր էլ մենք ունենք բոլորովին վերջերս բացահայտված գործեր: Ընդ որում, պիտի արձանագրեմ, որ այդ գործերը, դեպքերը բացահայտվում են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ծառայությունների և հենց Պետական եկամուտների, այնպես էլ այլ մարմինների կողմից: Ընդհանուր առմամբ մենք ռազմավարություն ենք մշակել, որ պետք է մաքսային ընթացակարգերը հնարավորինս պարզեցվեն»:
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը ընկերության և կառավարության միջև ձևավորվող վստահության մթնոլորտի համատեքստում. «Մենք ասում եք՝ ահա այս հետագծի պատճառով ձեզ վստահում ենք և հնարավորություն ենք տալիս, որ դուք ինքներդ շատ դեպքերում ձեր մաքսային ընթացակարգերն իրականացնենք՝ առանց ուժեղացված և լրացուցիչ ընթացակարգերի: Բնականաբար, դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վստահությունը խաթարող որևէ դեպք չի արձանագրվել: Պետական եկամուտների կոմիտեն աշխատում է այն ուղղությամբ, որ ոչ միայն թվայնացման պլատֆորմներով մենք կարողանանք հետևություններ անել ընկերությունների վարքագծերի մասին, այլ ժամանակի հետ մենք պետք է նաև արհեստական բանականությունը որպես գործիք ներդնենք, որպեսզի արհեստական բանականությունը մեզ հուշի՝ այս ընկերության մոտ, կարծես, անկանոնություններ կան և լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ ճիշտ է և տրամաբանական, որ վստահություն և որոշակի վարկանիշ ձեռք բերած ընկերություններին արտոնություն ենք տալիս»:
Կառավարությունը 3 միլիարդ 44 միլիոն դրամ է հատկացրել 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում էր 9 մարզպետի աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 44 միլիոն դրամ՝ 2020, 21, 22 և 2023 թվականներին մի շարք սուբվենցիոն ծրագրերի կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերի հիմնական մասը 2022 թվականի են՝ շուրջ 29 ծրագիր, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: «Ընդհանուր առմամբ 25 համայնքի ենք գումար հատկացնում՝ 48 սուբվենցիոն ծրագրերի համար: Բացի այդ, ունենք 852 միլիոն դրամ, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով չէին վճարել, հիմա նորից ենք վճարում, արդեն խնդիրները կարգավորված են»,- ասել է Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի, մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 2 ծրագիր՝ 69,6 միլիոն դրամ և վերադարձվող գումար 3,9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 ծրագիր՝ 19,6 միլիոն, Լոռու մարզ՝ 6 ծրագիր՝ 309,4 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր՝ 260 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 4 ծրագիր՝ 281 միլիոն, Սյունիքի մարզ՝ 7 ծրագիր՝ 596 միլիոն: Եվ 13 ծրագրի վերադարձի համար 794 միլիոն, Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր՝ 4,3 միլիոն և Տավուշի մարզ՝ 2 ծրագիր՝ 338 միլիոն դրամ: Այս որոշման ընդունման պարագայում, ՀՀ կառավարությունն, ընդհանուր առմամբ կվճարի շուրջ 14,4 միլիարդ դրամ՝ 255 ծրագրի համար:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Արարատի մարզում իրականացվել են Աբովյան, Նշավան և Բյուրավան բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում/նորոգում, Արտաշատ բնակավայրի 14 փողոցների մասնակի և 6 բակային տարածքների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ, Արարատ բնակավայրի ՈԿՖ /ոսկու կորզման ֆաբրիկա/ բանավանի ջրահեռացման համակարգի 1-ին փուլի կառուցման աշխատանքներ, Ավշար բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ, Ավշար և Ուրցալանջ բնակավայրերի 900 մ ընդհանուր երկարությամբ ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ, Սուրենավան և Ավշար բնակավայրերի գազաֆիկացման 1-ին փուլի աշխատանքներ, Վերին Դվին համայնքի թվով 13 փողոցների լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ: Արմավիրի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում և վերանորոգում, Դալարիկ բնակավայրի Մյասնիկյան փողոցի և դպրոցի բակի, Օրջոնիկիձե փողոցի ասֆալտապատում, Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի բնակավայրերի կարիքների համար վերհան ավտոմեքենայի և ազդարարման շչակների ձեռքբերում, Լոռու մարզում՝ Տաշիր բնակավայրի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագիր, Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի տանիքների ջերմաարդիականացում, Մեծ Պարնի բնակավայրի նոր բնակատեղիի համայնքային այգու կառուցում, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Ամրակից, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան բնակավայրերում 24 կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի անցկացում, Լերմոնտովո համայնքի 320 մ երկարությամբ փողոցների նորոգում սալարկմամբ, Մարգահովիտ, Լեռնապատ, Անտառամուտ բնակավայրերի 2300 մ երկարությամբ փողոցների սալարկում՝ տուֆապատման միջոցով, Կոտայքի մարզում՝ Քանաքեռավան բնակավայրի կոյուղու կառուցում, Զառ բնակավայրի 11.4 կմ երկարությամբ ջրագծի կառուցում /2-րդ փուլ/ և 1 խորքային հորի պոմպի տեղադրում, Աղավնաձոր բնակավայրի 750 մ երկարությամբ 1-ին և 3-րդ փողոցների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ: Շիրակի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Գյումրի համայնքի 1270մ երկարությամբ Կոմիտաս փողոցի ասֆալտապատում, Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի տանիքի վերականգնում, Սյունիքի մարզում՝ Կապան բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 11, 12, 13 շենքերի բակերի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 15, 16, 17, 18, 19, 20 շենքերի բակերի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 25Ա, 25Բ շենքերի բակերի հիմնանորոգում, Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Սպանդարյան փողոցի թիվ 6, 7 շենքերի բակերի հիմնանորոգում, Գր․ Արզումանյան փողոցի հիմնանորոգում, Գր․ Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Հալիձոր թաղամասի բակային տարածքների հիմնանորոգում, Ըրկենանց, Վանեք և Եղեգ բնակավայրերում վարչական շենքերի կառուցում և տարածքների բարեկարգում, Կապան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում, Գորայք բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի մանկական խաղահրապարակների կառուցում, Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկայնքով 18 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանցի կառուցում , Սյունիք բնակավայրի 1600 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում: Վայոց ձորի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Գետափ բնակավայրի 1500մ երկարությամբ ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Տավուշի մարզում՝ Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի 27 կմ երկարությամբ լուսավորության համակարգերի կառուցում, Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 2200մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում:
Հանրակրթության նոր պետական չափորոշիչը սեպտեմբերի 1-ից կներդրվի բոլոր դպրոցներում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Հանրակրթության պետական չափորոշչում, որի անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուստարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումները վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումը, որի շրջանակներում 2021 թվականի փետրվարին արդեն իսկ հաստատվել էր հանրակրթության նոր պետական չափորոշիչը և այն փորձարկվում էր Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականի սեպտեմբերից։ «Այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը պետք է մտնի հանրապետության բոլոր դպրոցներ փուլային տարբերակով։ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում կսկսենք դրա ներդրումը: Միաժամանակ, հաշվի են առնվելով նոր չափորոշչի փորձարկման երկու տարվա փորձը, չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են եղած գործընթացները լավարկելուն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Արձագանքելով, վարչապետն ընդգծել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները համարվում են գոհացուցիչ և դրանք շարունակում են լավարկել: Կառավարության ղեկավարը նաև հավելել է. «Ուրախ եմ, որ մենք բավարար քաղաքական կամք ենք ցուցաբերել ժամանակին այդ չափորոշիչը, ի հեճուկս բոլոր բարդությունների, ընդունելու և կիրառելու»:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք այս տարվանից է այդ չափորոշչին համապատասխանող դասագրքերը ներդրվելու և ո՞ր դասարաններում է ներդրվելու, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշչի ներդրման կարևոր բաղադրիչ են. «Բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չենք ստացել 10-րդ դասարանի համար, դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգվի մյուս տարի: Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը կարելի է ասել, որ ճնշող մեծամասնությամբ ունենք: Դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչներն ընտրել են: Տպագրության գործընթացներն ընթացքում են: Մի մասը կլինեն դպրոցներում արդեն բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում»: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոսքը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մասին է և մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում և գործընթացը նորմալ կսկսվի:
Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե արդյոք սեպտեմբերի 1-ից անկախ կամավոր ատեստավորումից, միայն մարզային դպրոցների չկոմպլեկտավորված դասարաններում դասավանդող և տեխնիկական ուղղությունների դասավանդող ուսուցիչների աշխատավարձն է բարձրանո՞ւմ: Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ, դրանք երկու տարբեր ծրագրեր են: Մեկը վերաբերում է Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին, խոսքը բնագիտական առարկաների ուսուցիչների 25 տոկոս վարձատրության բարձրացման մասին է: Սրա շահառուներն են Հայաստանի ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչները՝ անկախ նրանից, թե դպրոցը որտեղ է և քանի աշակերտ ունի: Երկրորդ ծրագիրը գյուղական փոքր դպրոցների մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար է և վերաբերում է բոլոր առարկաներին: Նախարարի հավաստմամբ, սեպտեմբերի 1-ից սկսած երկու ծրագրով էլ արդեն կսկսվի հաշվարկվել բարձրացված վարձատրությունը՝ անկախ կամավոր ատեստավորումից: Առաջին ծրագրով շահառու է հանդիսանում 8000-ից ավելի ուսուցիչ, իսկ երկրորդ ծրագրով՝ 4000-ից ավելի ուսուցիչ:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը պետք է խնդիր առաջադրի, որպեսզի դպրոցների շրջանավարտներն ունենան բավարար հոգեբանական պատրաստություն ամենատարբեր անկանխատեսելի փորձությունները հաղթահարելու համար, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության չափանիշներ։
«Ժամանակ առ ժամանակ դպրոցներում պետք է հոգեբանական թեստեր անենք ու հասկանանք, թե մեր աշակերտների հոգեբանական պատրաստվածությունը ինչ վիճակում է և ինչ պետք է անենք: Ֆիզիկական պատրաստվածության համար էլ պետք է օբյեկտիվ չափանիշներ լինեն: Պետք է համագործակցել նաև Առողջապահության նախարարության հետ, որովհետև, օրինակ, քաշի նորմատիվների հետ կապված խնդիրները դպրոցը պետք է պահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ հստակ գծել է պետք երեխայի սահմանը, որտեղ է ավարտվում երեխան ու որտեղ է սկսվում հասուն մարդը։ «Մեր օրենսդրությամբ 18 տարին լրացած անձը համարվում է չափահաս, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում մենք այդ խնդիրը չենք լուծում։ Եվ ուզում եմ բերել ամենացայտուն օրինակը, դուք գիտեք, որ ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունը գործում է 18 տարեկանից, բայց վաղուց ականջս ծակում է, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսելիս, ասում են՝ երեխաներ: Մենք այդ մարդուն երկրի անվտանգության ապահովման ֆունկցիան ենք դրել ու իրեն ասում ենք երեխա: Եկեք կողմնորոշվենք, եթե ինքը երեխա է, ուրեմն իրեն չպետք է զորակոչենք բանակ: Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին էլ խնդիր եմ առաջադրել, որ մենք արձանագրենք մի բան՝ բանակում երեխա չկա, բանակում կա զինվոր: Սա, իհարկե, բազմաթիվ իրադարձությունների շղթա է, որ մեզ բերել է այս քննարկումների: Առաջիկայում էլ ես պատրաստվում եմ Պաշտպանության նախարարությունում այս հարցը քննարկել, բայց կարծում եմ, որ մեր հանրությունում սոցիալ-հոգեբանական մակարդակում այս պրոբլեմը կա:
Տիկին նախարար, հարգելի գործընկերներ, ես խնդիր եմ դնում, որ մենք հստակ գծենք երեխայի սահմանները: Կառավարությունը, պետությունը պետք է խնդիրը ձևակերպի և գտնի նորանոր միջոցներ, մեթոդներ, բանաձևեր այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ ֆիզիկական պատրաստվածության, հոգեբանական ծառայության չափորոշիչները հանրակրթության նոր չափանիշների մաս են կազմում:
Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Օրինագծով առաջարկվում է ներկայացված ապրանքների արտահանման գործընթացը նույնպես իրականացնել լիցենզիաների միջոցով և սահմանել պետական տուրք ապրանքներն արտահանելու համար։ Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ, որպեսզի ապահովվի մրցակցային գներ արտահանման և տեղում վերամշակման համար։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու և առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրելու և արտահանելու համար։ Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։ Մասնավորապես՝ ընդլայնվում է Չարենցավանի «Ձուլակենտրոն» ընկերության արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները, կառուցվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից նոր մետալուրգիական և լարերի, իսկ օգտագործելով այդ լարերը՝ նաև տրանսֆորմատորների արտադրության գործարան։ Իրանական ներդրողների կողմից նախաձեռնվել է Քարակերտում մետաղի ջարդոնից լարերի արտադրության ձեռնարկության ստեղծումը։ Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով երկաթյա պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ Ըստ կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։ Առաջարկվող կարգավորումները առավել արդյունավետ կդարձնեն մետաղների վերամշակման գործընթացը՝ խորացնելով այն պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը։ Միևնույն ժամանակ, կարգավորումները կփակեն այն սողանցքները, որոնցից օգտվում են որոշ անբարեխիղճ արտահանողներ՝ մետաղի ջարդոնի փոխարեն՝ արտահանելով ստանդարտներին չհամապատասխանող ձուլվածքներ, որոնք, սակայն, արտերկրում վաճառվում են մետաղի ջարդոնի գնով։
Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր
Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում: Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։ Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը:
Հավանության է արժանացել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը: «Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլև հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,-նշված է հիմնավորման մեջ:
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, ծրագրի իրականացումն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով: Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար: Ծրագիրը միտված է՝ ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավվելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։ Հիմնվելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ այն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:
Կառավարությունը խթանում է ներդրումները ՀՀ-ում
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ-ի կողմից փայերի ձեռքբերում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով և իրենից ներկայացնում է շահույթ հետապնդող կազմակերպություն, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով: «ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս անհրաժեշտ է ծրագրով նախատեսված միջոցներից ներգրավել 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 387 040 000 դրամի չափով ֆինանսական միջոցներ։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության կողմից 1 մլն դրամ, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։ Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառմանը և կապիտալի շուկաների զարգացմանը: 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆոնդի կողմից իրականացրած կապիտալ ներդրումները կազմել են 8,205,004 ԱՄՆ դոլար` թվով 5 կազմակերպություններում, իսկ պետության կողմից իրականացվել է 579 502 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ։ Ֆոնդի գործունեության արդյունքում իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ վերականգնվող էլեկտրաէներգիա, սննդի արդյունաբերություն, ծառայություններ և գյուղատնտեսություն։ Ֆոնդի գործունեության հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջինս ներդրումներն իրականացնում է ընկերությունների սեփական կապիտալում՝ ներառյալ փոխարկելի ապրանքների, երաշխիքների կամ համանման այլ գործիքների միջոցով։ Գործունեության հիմնական թիրախն են հանդիսանում փոքր և միջին ձեռնարկությունները, իսկ վերջնական նպատակը երկարաժամկետում Հայաստանի տնտեսությունում կապիտալի աճի ապահովումն է։
Գործադիրը հավանություն է տվել նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում գոլֆի ակումբի և ակադեմիայի, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիների կառուցում: Նախագծի համար ընտրված հողատարածքը գտնվում է Փոքր Վեդի գյուղից 0․7 կմ և Մ2 մայրուղուց 0․6 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքից հեռավորությունը 41 կմ է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել՝ գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով, գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով, հյուրանոցային համալիր, մեծահասակների հանգստյան տուն, մանկապատանեկան ամառային ճամբար — հյուրանոց, մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով, բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ, ծառայողական բնակելի թաղամաս, ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր, համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ, այգիներ: Ակնկալվում է տարածաշրջանում զբոսաշրջության խթանում, որը կապահովի դրական տնտեսական աճ՝ նպաստելով առևտրի խթանմանն ու մարզում ստեղծելով նոր իրացման շուկա ապրանքների և ծառայությունների համար, ինչն էլ իր հերթին կնպաստի մարզի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի մշտական 180-200 աշխատատեղ։
Կառավարության որոշմամբ «Հին Արենի» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել գինեգործության և խաղողագործության ոլորտում։ Արտադրությունն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 230 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.3 մլն դրամ։
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառմամբ նախատեսված է մինչև 2023թ. օգոստոս ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Հուլիսի 31-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2023թ. սեպտեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ: 54 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար կազմում է 32.400.000 ՀՀ դրամ:
Գեղարքունիքի մարզում գտնվող պետական գույքը կօտարվի մրցույթով
Կառավարությունը որոշել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի Գործարանային փողոց 9 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքը հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին: Այն իրենից ներկայացնում է հանգստյան տուն, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 584 000 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 46 942 500 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 707 649.20 դրամը։
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 111.0 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ և 2022 թվականի հոկտեմբերի 26-ին «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի/ այսուհետ՝ Ընկերություն/ հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար 333․0 մլն դրամ արժողությամբ: Կառավարության որոշմամբ գումար կհատկացի երրորդ խմբաքանակի համար: Հիմնավորման համաձայն՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Ներկայումս շահագործվող անվազույգերը ավելի քան տասը տարվա են, նորմատիվից մեծ մաշվածության արդյունքում գնացքը, ընթացքի ժամանակ կարող է ընկնել ռելսի վրայից։
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը: Ծրագրով 2023թ. պետք է ապահովի շուրջ 6000 շահառուներին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորումը: Ծրագիրը մեկնարկել է 2022 թ. հունիսի 1-ից, որով նախատեսվում էր շուրջ 2000 (մինչև 2023թ. հուլիսի 1-ը) շահառուի տրամադրել ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով շահառուների թիվ շուրջ 3000 է, որն արդեն իսկ գերազանցում է ամբողջ ծրագրի համար նախատեսված շահառուների թիվը, ինչը վկայում է ծրագրից օգտվելու քաղաքացիների շահագրգռվածության մասին։ 2023 թ. պետբյուջեով ծրագրին հատկացված է 309 մլն դրամ, որից առաջին կիսամյակում շահառուներին արդեն իսկ տրամադրվել է 189 մլն դրամ սուբսիդիա: