ՀԵՏՔ լրատվական ծառայությունն անդրադարձել է Կարեն Դեմիրճհանի անվան Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքային գործընթացին։
Ժամը 22:35 է, հորդառատ անձրև է սկսվում, վնասվում է էլեկտրաէներգիայի քաղաքային ցանց։ը։ Մետրոպոլիտենում հոսանքի տատանում է լինում։ Վագոններում նստած ուղևորները չեն էլ զգում, թե ինչ է կատարվում։ Վագոնների լույսն ակնթարթային մարում է ու նորից միանում։ Այդ ընթացքում գնացքի կարգավարը փորձում է ապահովել մետրոպոլիտենի անխափան աշխատանքը։
Կարգավար Աղավնի Մարտիրոսյանը նախ կապ է հաստատում կայարանների հետ՝ տեղեկանալու, թե որտեղ ինչ է կատարվում, ապա՝ երթուղում գտնվող մեքենավարների հետ։ Այդ ամենը կատարում է վայրկյանների ընթացքում, գծին միանգամից մի քանի աշխատանքային հեռախոս է միացված։ Կարգավաի սենյակում աշխատանքային եռուզեռ է, բոլոր հեռախոսները զանգում են, տարբեր կայարաններից մեքենավարները կապ են հաստատում կարգավարի հետ, հաղորդում, թե ուր են հասել։ Կարգավարը ցուցում է տալիս, թե որ ճանապարհով գնան, երբ կանգ առնեն։
Էլեկտրաէներգիայի տատանման ժամանակ լուսացույցները չեն աշխատում։
Մեզ այս ամենը տարօրինակ է թվում, խուճապի ենք մատնվում, կարգավարի կտրուկ ձայնը մեզ էլ է սթափեցնում։ Մտածում ենք, որ մետրոյում ինչ-որ բան է կատարվում։ Անցնում են լարված մի քանի րոպեները: Աղավնի Մարտիրոսյանը շունչ է քաշում։ Ասում է, որ գնացքներում նստած ուղևորները քիչ առաջ կատարվածի մասին պատկերացում էլ չունեն, քանի որ ոչինչ չեն զգում։
Աղավնի Մարտիրոսյանը Երևանի մետրոպոլիտենի հնաբնակներից է։ Աշխատանքի է անցել 1981 թվականի հունվարին, երբ մետրոպոլիտենը դեռ չէր շահագործվել։ Առաջին գնացքը նա ճանապարհել է 1981 թ.-ի մարտի 7-ին։
Մասնագիտությամբ նա լեզվաբան է, չնայած երազել է բալետի պարուհի դառնալու մասին։ Ամուսնացել և տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն։ 1980-ին ընտանիքով եկել էին Հայաստան՝ Ամանորը հարազատների հետ դիմավորելու: Թերթերից մեկում հայտարարություն է տեսել, որ նոր բացվող մետրոպոլիտենն աշխատակիցներ է փնտրում։ Դիմել է, ընդունվել աշխատանքի եւ ամուսնուն համոզել, որ տեղափոխվեն Հայաստան:
«Ինձ առանց Հայաստանի չէի պատկերացնում, խեղդվում էի, որոշել էի, որ մեկ է՝ վերադառնալու եմ, Նոր տարին Հայաստանում դիմավորելն ինձ համար ճակատագրական դարձավ, ես գտա իմ երկրորդ տունը՝ Մետրոպոլիտենը ու վերադարձա իմ տուն»,-պատմում է Աղավնի Մարտիրոսյանը։
Կարդացեք ավելին սկզբնաղբյուրում